Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են որոշ մարդիկ համարվում հաջողակ, իսկ որոշները՝ կատարյալ անհաջողակ:
Արդյո՞ք սա բնածին երևույթ է, թե կա հոգեբանական գործոն:
1994 թվականին Ռիչարդ Վայսմանը սկսեց մի հետաքրքիր հետազոտություն և փորձեց պարզել դա:
Նա թերթում հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փնտրում է մարդկանց, ովքեր միշտ վստահ են, որ իրենց բախտը բերում է և միևնույն ժամանակ մարդկանց, ովքեր կարծում են , որ իրենք ընդհանրապես հաջողակ չեն:
10 տարի ուսումնասիրություններից հետո Վայսմանը եկավ այն համոզմունքին, որ հնարավոր չէ ծնվել հաջողակ կամ անհաջողակ: Բայց միևնույն ժամանակ հավելեց, որ հաջողակ մարդիկ ունեն միմյանց շատ մոտ պահվածքի մոդել և վերլուծելով բոլոր հավաքագրված տվյալները՝ դուրս բերեց սեփական հաջողության մոդելը, որն ըստ պրոֆեսորի բաղկացած է 4 կետից:
Առաջինը՝ մանրուքներին ուշադրություն դարձնել կարողանալու ունակությունն է:
Մարդիկ, ովքեր իրենց հաջողակ են համարում, աշխարհին ավելի լայն հայացքով են նայում և պատրաստ են ճակատագրի կողմից տրված ցանկացած հնարավորություն օգտագործել, իսկ ահա անհաջողակները՝ սահմանափակում են իրենց՝ իրենց իսկ ստեղծած պայմանականություններով:
Երկրորդ կարևոր նախապայմանն ըստ Վայսմանի սեփական ներքին ձայնին լսել կարողանալն է:
Նա կարծում է, որ ինտուիցիան հաճախ ճիշտ պատասխաններ է հուշում և հաջողակները կարողանում են մի կողմ դնել վախն ու նախկին, միգուցե, անհաջող փորձն ու հետևել սեփական ներքին ձայնին: Պետք է ուղղակի չվախենալ որոշումներ կայացնել և չդիմել այլ անձանց խորհրդի ետևից, դրանով իսկ սեփական ուսերից գցելով հետագա զարգացումների պատասխանատվությունը:
Երրորդ նախապայմանը՝ հաջողության հասնելու հավատն է:
Թվում է շատ տրամաբանական, բայց սա իրոք այսպես է: Ռիչարդ Վայսմանի կարծիքով սեփական ուժերին ու հաղթանակին հավատացող մարդը միանշանակ հաջողության կհասնի, քանի որ նա հոգեբանորեն պատրաստ է դրան և չի վախենում մեծ նպատակներ առաջադրելուց և դրանց հասնելուց:
Եվ վերջին կարևոր նախապայմանն ըստ Վայսմանի նախկին փորձից ճիշտ դասեր քաղելն ու դրանք կիրառելն է:
Հաջողությունը միշտ չի կարող ժպտալ և ֆիասկոներից խուսափել հնարավոր չէ, ուստի անհատի որոշումն է անհաջողության մեջ տեսնել վատն ու նեգատիվը, թե դասեր քաղել և շարժվել առաջ:
Այս ամենից կարելի է միայն մի հետևություն անել. Ամեն ինչ մեր ձեռքերում է: